21 նշան, որ Դուք Ձախողակ եք

Գրավեք աշխարհը, Դուք ի զորու եք
Ինչքան էլ դժվար բան է կյանքը, մանավանդ Հայաստանում հիմա, կան բազում հնարավորություններ զարգանալու, աշխատելու, առաջ գնալու և կյանքում սեփական տեղը գտնելու համար: Շատ հնարավորություններ առկա են դառնում գլոբալիզացիայի զարգացման հետ, որն անխուսափելիորեն իր մեջ ներառում է նաև Հայաստանը: Այս զարգացումները բերում են և նոր հնարավորություններ, և ռիսկեր, ու միայն մարդուց է կախված, թե ինչ օգուտ է քաղում այս ամենից: Կարելի է ասել, որ աշխարհը սրընթաց փոխվում է, ու այս տարին արդեն շատ բանով տարբերվելու է անցած տարվանից: Գործը վարելու ավանդական եղանակները կորցնում են մրցունակությունը, գալիս է յուրահատուկ և ստեղծագործական գործունեության ժամանակը, որի վարձատրությունը կարող է աներևակայելիորեն շռայլ լինել: 

Փոխվում են նաև ժամանակի հերոսները. անկիրթ ու կացինով աշխատող, սափրագլուխ հաստավզերով շրջապատված դինոզավրերին փոխարինելու են գալիս կիրթ, խելացի ու նոր կորպորատիվ մշակույթով աշխատող համեստ ձեռնարկատերերը, որոնք ստացել են հրաշալի կրթություն, տիրապետում են մի քանի լեզուների, գիտեն մարդկանց հետ խոսել ու կառավարել: 

Սովորական աշխատողներին կամ կարիերայի առաջին քայլերը անողներին մնում է ընտրություն կատարել ժամանակի քննությունը չբռնողների ու ժամանակի հետ քայլողների միջև: Այդ ընտրությունը արտահայտվում է կոնկրետ կատարվող քայլերով ու մտածելակերպով: Ձեր հաջողությունը, ինչպես նաև անհաջողությունը ծնվում են Ձեր գլխում, ու արտահայտվում Ձեր մտքերում ու մտածելակերպում: Դա Ձեր ընտրությունն է, ու այն, թե ինչ եք Դուք մտածում, որոշում է Ձեր հաջողության չափը: Այժմ կարդացեք ներքևում և տեսեք, թե ինչն է Ձեր մտքերից Ձեզ առանձնացնում հաջողակ մարդկանցից: 

  1. Լավ գործը կարելի է գտնել միայն ծանոթ-բարեկամով
  2. Նպատակ ու աղոտ պատկերացում նույնիսկ չունեք, թե ով եք Դուք ու ինչ եք ուզում այս աշխարհից
  3. Մտածում եք ավելի շատ փող ծախսելու, քան վաստակելու մասին
  4. Շատ դժգոհ եք Ձեր ցածր աշխատավարձից, բայց ունեք վարկով վերցրած ամենավերջին մոդելի iPhone-ը, իսկ տանը դրված է հրաշալի, մեծ UHDTV-ն
  5. Ձեր ստացած ամսական եկամուտները ծախսում եք մինչև վերջին կոպեկը, դեռ մի բան էլ ավելի
  6. 8 տարի աշխատում եք նույն տեղում, 120000 դրամ ամսական աշխատավարձով, ամենօրյա ցածր մակարդակով ու համարում եք, որ լավ տեղ եք աշխատում
  7. Դեռ ոչ մի էական բան չեք արել Հայաստանում, ու արդեն մտածում եք բռնել գաղթի ճամփան
  8. Մտածում եք, որ ուրիշ երկրներում շատ արագ կհարստանաք
  9. Գտնում եք, որ երկրի քաղաքական գործընթացնները Ձեզ չեն վերաբերվում
  10. Սովորում եք մի ֆակուլտետում, որի տված մասնագիտացումով հետո գործ չեք գտնելու
  11. Արդեն հասուն մարդ եք, բայց Ձեր կյանքի կարևոր որոշումները ընդունում են ուրիշ մարդիկ
  12. Մտածում եք, որ որևէ լեզվի «բավարար» իմացությունը Ձեզ մրցունակ է դարձնում
  13. Մի քանի տեղ Ձեր աղքատիկ ու վատ կազմված ռեզյումեն տանելով ու արձագանք չստանալով, մտածում եք որ անհույս բան է գործ գտնելը
  14. Երկար ժամանակ աշխատանքի եք գնում ատելով Ձեր գործը, աշխատակիցներին ու գործատուներին
  15. Տարվա ընթացքում 3 անգամ փոխում եք Ձեր գործը, ամեն տեղ աշխատելով 3 ամիս ու բոլոր տեղերից դժգոհում եք
  16. Արտաքին աշխարհից ստացվող բոլոր նորությունները գալիս են Ձեր ընկերների կողմից սոցիալական ցանցերով կիսված դեղին նյութերից:
  17. Ձեր վերջին կարդացած գիրքը խունացել է 10 տարի առաջ
  18. Ոչ մի նոր բան չեք սովորում օրվա ընթացքում
  19. Ձեր ընկերական շրջապատը կազմված է Ձեզ նման անհաջողակներից
  20. Մտածում եք, որ գործ սկսելու համար Ձեզ առնվազն 100,000 դոլար նախնական կապիտալ է պետք
  21. Ձեր աչքերի մեջ կրակ չկա, կյանք, ձգտում ու ագրեսիա չկա

Իհարկե, հնարավոր է շարունակել այս ցանկը էլի ու էլի: Ով եք Դուք, ինչ եք ուզում ամենից շատ, որ ճանապարհն եք ընտրում Դուք, որոշվում է Ձեր իսկ գլխում: Այս ցանկի ամբողջ հմայքն այն է, որ Դուք կարող եք փոխել Ձեզ, Ձեր մտքերն ու ճակատագիրը: 

Գրավեք աշխարհը այս նոր տարիով, Դուք ի զորու եք:

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.