Ձեր հաջողության ռեզյումեն (ՄԱՍ 1)

ռեզյումե
Գործնական կյանքում հաջողության հասնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու երկու սկզբունքորեն տարբեր եղանակներ կան: Հարստանալու և միլիոնատեր դառնալու միակ եղանակը սեփական գործը սկսելն ու ծավալելն է: Դրա համար անհրաժեշտ է ունենալ երազանք, հաշվենկատ ռիսկի դիմելու կամք, ստեղծագործ միտք և ջանասիրություն: 

Եթե Դուք միլիոնատեր դառնալու հավակնություններ առանձնապես չունեք, ապա Ձեզ մնում է աշխատել ուրիշի համար՝ իրականացնելու նրանց երազանքները: Այս եղանակը տալիս է կայուն աշխատանքի և եկամուտի պատրանք, որոշակի հեռանկար աշխատավարձի և պաշտոնի հետագա առաջխաղացման՝ ընդհուպ մինչև մեծ կազմակերպության տնօրենի պաշտոնի ձեռքբերում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրորդ ճանապարհը ընտրողների թիվը շատ ավելի մեծ է: Աշխատել ցանկացողների մեծ թիվը նշանակում է, որ բարձր վարձատրությամբ պաշտոնների համար մրցակցությունը շատ սուր կարող է լինել: 

Ցանկալի գործի ընդունվելու համար պետք է հաղթահարել մի շատ աստիճաններ, որոնք են՝ ընտրվել դիմողների հոծ բազմությունից, մասնակցել ընդհուպ մի քանի հարցազրույցների և տեստերի, և այլ  աստիճաններ՝ գործատուի հայեցողությամբ: 

Նախնական ընտրությունը սովորաբար կատարվում է ռեզյումեի միջոցով: Եթե Դուք արդեն հազարավոր տեղեր ուղարկել եք Ձեր ռեզյումեն ու արդյունք չեք ստացել, նշանակում է պետք է դադար տաք և փորձեք հասկանալ, թե ինչու այն տպավորություն չի գործում գործատուի վրա: Ռեզյումեն կազմվում է միայն մեկ նպատակով.  այն պետք է Ձեզ հասցնի հարցազրույցի աստիճանին: Լավ համարում ունեցող աշխատատեղերի համար կարող են դիմել հազարավոր թեկնածուներ, և եթե գործատուն Ձեր ծանոթն ու բարեկամը չէ, ապա Ձեր ռեզյումեն պետք է այնքան տպավորիչ լինի, որ կարողանա ճեղքել այլ դիմորդների բանակը: Լավ լուրն այն է, որ կան ռեզյումեն տարբերվող դարձնող սկզբունքներ և մեթոդներ, որոնց մասին շատ է խոսվում, բայց դեռ քիչ մարդիկ են գործնականում դրանք կիրառում: Այս հոդվածը կարդալը մինչև վերջ Ձեր հնարավորությունն է ևս մեկ քայլ անելու դեպի Ձեր հաջողություն:

Ռեզյումեն Ձեր գովազդային վահանակն է, այն պետք է կազմել խնամքով, ստեղծագործաբար ու ճիշտ ձևով: Գիտե՞ք ինչ է պատահում Ձեր ռեզյումեի հետ, երբ ողջամիտ ժամանակում արձագանք չեք ստանում: Ճիշտ եք, այն գցվում է աղբարկղ: Արժեքավորը բանը աղբարկղ չեն գցում: Ուրեմն պետք է Ձեր ռեզյումեն դարձնեք արժեքավոր գործատուի համար: 


 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.