Ձեր հաջողության ռեզյումեն (ՄԱՍ 2): Կառուցվածքը

Ռեզյումեի կառուցվածքը
Ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր ռեզյումե նախնական գնահատելու համար միջինը ծախսվում է ընդամենը 6 վայրկյան: Ռեզյումեն պետք է այդ կարճ ժամանակում հասցնի առանձնանալ մնացածից: Այս տեսանկյունից խիստ մեծ կարևորություն է ստանում էջի վերևի 1/3 մասը, որը պետք է հստակ տեղեկություններ տա թեկնածուի՝ տվյալ աշխատանքին հարմարության մասին և շահագրգռի ռեզյումեի մնացած մասը կարդալու: 

Ռեզյումեն պետք է լինի ճիշտ կառուցված, հստակ տառատեսակներով և առանց ավելորդությունների: Կարևոր տեղեկությունները պետք է լինեն պարզ ու շեշտված՝ հեշտ սկանավորելու համար:

Մի գրեք  ռեզյումեի Նպատակը (Objective)՝ երկար-բարակ նշելով Ձեր աշխատելու անկոտրում ցանկության, թիմային աշխատանքի գնահատման, ժամանակի կառավարման հմտությունների մասին. այն ոչ ոք չի կարդում: Նպատակի փոխարեն, 2-3 տողով գրվում է Պրոֆեսիոնալ Ամփոփագիրը, որը հստակ ներկայացնում է Ձեր համապատասխանությունը տվյալ աշխատանքին:

Ռեզյումեն պետք է լինի 1 (մեկ) էջ: Եթե Ձերը մի քանի էջ է, ապա ավելի լավ է այն չուղարկեք: Եթե Իլոն Մասկի, կամ Մարիսա Մեյերի ռեզյումեները տեղավորվում են 1 էջի սահմաններում, ապա ինչու դուք էլ այդպես համեստ չլինեք:

Ինչպես արդեն նշվեց, առանձնակի կարևորություն է ստանում ռեզյումեի վերևի 1/3 մասը: Այստեղ նշվում է դիմորդի անունը և կոնտակտները: Այնուհետև պետք է հստակ գրվի այն պաշտոնը, որի համար դիմում եք: Դրա ներքևում համառոտ շարադրվում է Պրոֆեսիոնալ ամփոփագիրը՝ Ձեր գովազդի գլխավոր միտքը և Ձեր ունեցած համապատասխանող հմտություններն ու գիտելիքները: Այս ամենը պետք է արդեն հետաքրքրություն առաջացնի ռեզյումեն արագ ուսումնասիրողի մոտ ու հեռու պահի նրան Ձեր ռեզյումեն աղբամանը գցելու գայթակղությունից:

Հաջորդ կարևոր հատվածը մինչ այս պահը Ձեր անցած աշխատանքային ուղու ներկայացումն է, որը տրվում է հետադարձ ժամանակագրական մեթոդով՝ վերջին աշխատատեղը՝ առաջինը գրելով: 

Կրթությունն ու տարբեր կուրսերը պետք է ներկայացվեն հաջորդ հատվածում՝ հակիրճ ձևով: Եթե ունեք այդ աշխատանքին օգնող տարբեր վկայագրեր և հավաստագրեր, դրանք նույնպես համառոտակի ներկայացրեք:

Գործատուին Ձեր հոբբիներն ու նախասիրությունները քիչ են հետաքրքրում: Դրանց փոխարեն կարող եք ներկայացնել Ձեր ուժեղ կողմերը, աշխատանքում ունեցած առանձնահատուկ հաջողությունները: 


 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.