Հյուրանոցում աշխատելու 10 պատճառ

Հյուրանոց

Հենվելով հյուրանոցային ոլորտում իմ երկարամյա աշխատանքային փորձի և ապագան նույնպես այս ոլորտում հստակ պատկերացնելու վրա՝ ուզում եմ ներկայացնել ձեզ, թե ինչով է հյուրանոցային աշխատանքը գրավիչ: Այս հոդվածի նպատակն է օգնել հիմնականում կարիերայի սկզբնական փուլում գտնվող, իրենց ներկա՝ այլ ոլորտի աշխատանքը չսիրող կամ իրենց տեղը հավերժ փնտրող ու չգտնող անձանց հյուրանոցային ոլորտի մասին ավելի լավ պատկերացում կազմել: Որոշ դրույթներ վերաբերում են հյուրանոցային ոլորտին ընդհանրապես, որոշ դրույթներ՝ Հայաստանյան շուկային մասնավորապես: Ահա այդ կետերի ոչ լրիվ ցանկը.

  1. Աշխատանքի բազմազանությունը

    Հյուրանոցներում կան շատ բաժիններ, որոնք զբաղվում են իրենց հատուկ գործառույթներով: Դրանք են՝ տնտեսական, ինժեներական, ընդունարան, վաճառքների և մարքեթինգի, ռեստորաններ և խոհանոցներ և այլն՝ կախված հյուրանոցի մեծությունից և ունեցած հարմարություններից: Կարիերայի սկզբում գտնվողների համար բացվում է բավականին լայն հորիզոն սեփական կարողություններն ու նախասիրությունները տարբեր բաժիններում փորձելու համար: Հնարավոր է տեղափոխվել տարբեր բաժիններ նույն հյուրանոցի կազմում կամ նույնիսկ առանց տեղափոխվելու էլ վերապատրաստվել այլ բաժիններում: Այս ամենը թույլ է տալիս առավել խորությամբ հասկանալ հյուրանոցի աշխատանքը և բաժինների փոխկապվածությունը, ընտրել հոգեհարազատ աշխատանքն ու պլանավորել կարիերան:

  2. Զարգացող ինդուստրիա

    Ինչքան էլ տարօրինակ է՝ Հայաստանում դեռ կա զարգացող ոլորտ՝ դա հյուրանոցային ոլորտն է: Նույնիսկ ներկա տնտեսական ավելի ու ավելի խորացող ճգնաժամի պայմաններում Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում պլանավորվում և կառուցման ընթացքում են գտնվում բազմաթիվ հյուրանոցներ: Երևանում, բացի արդեն գործող հյուրանցոները, այս պահին շինարարության մեջ են գտնվում 10-ից ավելի մեծ և փոքր հյուրանոցներ, որոնց մեծամասնությունը ապագայում մաս է կազմելու որևէ միջազգային խոշոր ցանցի: Միջազգային ցանցերին միանալը առավել գրավչություն է տալիս այս աշխատանքի շուկային, քանի որ այս հյուրանոցներում միանգամից ներդրվելու է արդեն տասնամյակներով մշակված հյուրանոցների կառավարման փորձը: Բացի Երևանը, հյուրանոցներ են կառուցվում նաև Ծաղկաձորում, Ջերմուկում, Գորիսում, Վանաձորում, Գյումրիում և այլ քաղաքներում և տարածքներում, որը նշանակում է բազում աշխատատեղերի բացում և աշխատանքի մշակույթի ընդհանուր բարձրացում Հայաստանի տարբեր շրջաններում:

  3. Մրցակցություն լավ կարդրերի համար

    Քանի որ նորանոր հյուրանոցներ են հայտնվում նույն՝ դեպի Հայաստան համարյա չաճող տուրիստական հոսքի համար, ապա առավել քան երբևէ սրվում է մրցակցությունը հյուրանոցների միջև թե' Երևանում, թե' Երևանից դուրս: Հյուրանոցների հաստատուն ծախսերը բավականին մեծ են եւ շահութաբեր աշխատելու համար նվազագույն անհրաժեշտ հյուրերի քանակը բավականին մեծ է: Այս մրցակցության գիտակցումը, կամ ավելի ճիշտ է՝ նվազող շահութաբերությունը, ստիպում է հյուրանոցների սեփականատերերին շտապ ձեռք առնել միջոցներ՝ մրցակցային առավելություն ստանալու համար: Դա վերաբերում է և' հյուրանոցների որակական բարելավմանը, նոր հարմարությունների ավելացմանը, և' մարդկային կապիտալի բարելավմանը: Հյուրանոցը նախ և առաջ մարդկանց բիզնես է և մարդկային գործոնը մեծ ազդեցություն ունի հյուրանոցի հաջող գործունեության վրա: Այս տեսանկյունից խիստ մեծ կարևորություն է ստանում լավ կադրեր ձեռք բերելը և նրանց հյուրանոցային ոլորտում պահելը: Խոսքը ոչ միայն ղեկավար անձնակազմի, այլ նաև բոլոր բաժինների ավելի ցածր օղակների աշխատակիցների մասին է: Աշխատանքը լավ կատարող, մշտապես կատարելագործվող, հիերարխիան հարգող և լայն տեսադաշտ ունեցող աշխատակիցները մշտապես ունեն բարձր պահանջարկ և կարող են վարձատրվել համեմատաբար բարձր: Այս մրցակցությունը լավ կարդերի համար ստիպում է հյուրանոցի ղեկավարությանը ավելի բարելավել հյուրանոցի ներքին մթնոլորտը, մշակել խրախուսման մեխանիզմներ լավ աշխատակիցների համար, հատկացնել տարբեր տեսակի նպաստներ:

  4. Բարեկարգ աշխատանքային պայմաններ

    Հյուրանոցները հիմնականում բարեկարգ պայմաններ են առաջարկում աշխատակիցների համար, ընդ որում ինչքան բարձրակարգ է հյուրանոցը, այնքան բարեկարգ են աշխատակիցների համար նախատեսված պայմանները: Միջազգային ցանցերին պատկանող հյուրանոցները ունեն հատուկ մշակված ստանդարտներ՝ նախատեսված աշխատակիցների համար: Հնարավոր է որոշ աշխատակիցներ բողոքեն ընդհանուր խստությունից, բայց դա արվում է կորուստները նվազեցնելու նպատակով: Աշխատակիցները սովորաբար ունեն իրենց համար նախատեսված մուտք, որը վերահսկվում է հյուրանոցի անվտանգության ծառայության կողմից, նրանց տրամադրվում է աշխատանքային համազգեստ, որը գեղեցիկ ու որակով է, տրամադրվում են լոգարաններ և լողախցիկներ, ապահովում են սննդով և սրճային ընդմիջումներով, հաճախ կազմակերպվող ուսուցման ծրագրերով, լավագույն աշխատակիցների խրախուսման ծրագրերով, տարեվերջյան երեկույթներով և նվերներով: Հյուրանոցների տնօրենները աշխատում են որքան հնարավոր է բարելավել աշխատանքային մթնոլորտը, բացառել անառողջ հարաբերությունները աշխատակիցների միջև և տարբեր օղակների ղեկավարների հետ, խրախուսվում է թիմային աշխատանքը: Հյուրանոցներում առավել ընդունված է դառնում հետևյալ թեզը՝ վերաբերվեք աշխատակցին այնպես, ինչպես կուզեիք, որ ձեր աշխատակիցը վերաբերվեր հյուրերին:

  5. Կարիերայի և անձնական աճի մեծ հնարավորություններ

    Հյուրանոցային ոլորտին հայտնի են շատ ու շատ հաջողությունների պատմություններ, թե ինչպես է բանվորը կամ դռնապանը կամ խոհանոցում ամաններ լվացողը դարձել մեծ հյուրանոցի տնօրեն՝ ժամանակի ընթացքում անցնելով տարբեր բաժիններով, աճելով և տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցնելով: Մանավանդ մեծ հյուրանոցներում կան շատ բաժիններ և ղեկավարման տարբեր մակարդակներ: Եթե Դուք ունեք տեսլական, անկոտրում կամք, սուր միտք և հետևողական ձգտում հաջողության հասնելու համար, ապա Դուք դատապարտված եք հաջողության: Իհարկե այս միտքը ճիշտ է բոլոր ոլորտների համար, բայց նաև շատ կիրառելի հյուրանոցային ոլորտի համար: Հատուկ պետք է առանձնացնել միջազգային ցանցերի հյուրանոցները, որտեղ բացի նույն հյուրանոցում առաջընթացի հնարավորություններից, շատ են նաև հնարավորությունները տարբեր երկրների նույն ցանցի հյուրանոցներ տեղափոխվել և զբաղեցնել բարձր պաշտոններ, ընդհուպ մինչև վերհյուրանոցային օղակներ: Միջազգային ցանցի հյուրանոցներում կա զարգացած կորպորատիվ մշակույթ, որը ասես ներծծվում է աշխատակցի արյան մեջ և հետո այն ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում: Միջազգային ցանցերին պատկանող հյուրանոցներում շատ են կազմակերպվում ուսուցողական ծրագրեր, որոնց մասնակցությունը նաև պարտադիր է: Աշխատանքն ու ուսուցումը գնում են ձեռք-ձեռքի, որը շատ է հեշտացնում առաջխաղացումը: Որոշ հյուրանոցներ նաև կազմակերպում են օտար լեզուների դասընթացներ, կարող են ֆինանսավորել այլ տեղերում լեզուների ուսուցումը, նույնիսկ կարող են աշխատավարձի բարձրացում անել, եթե աշխատակիցը ինքնուրույն նոր լեզու է սովորել: Հյուրանոց մտնելու և առաջ գնալու հարմարություններից մեկն էլ այն է, որ կարող եք աշխատանքային փորձ ու նույնիսկ կրթություն չունենալ: Իսկ եթե դրանք առկա են, ապա էլ ավելի շատ հնարավորություններ են բացվում առաջխաղացման համար: Հետևեք www.hotel-consulting.am –ի Աշխատատեղեր բաժնին և Դուք կստանաք թարմ տեղեկություններ Հայաստանի հյուրանոցային ոլորտում բացվող աշխատատեղերի մասին: Ընդհանրապես նորմալ է համարվում առաջխաղացում ունենալ ամեն 1,5-2 տարին մեկ: Եթե նույն պաշտոնին մնացել եք 2 տարի և ավելի, նշանակում է լճացել եք ու պետք է ավելի հաճախ մտածել առաջխաղացման մասին, թեկուզ այլ հյուրանոցում, որը կլինի ավելի մեծ ու բարձրակարգ:

  6. 6Բարձր աշխատավարձի հնարավորություն

    Ամենաներքևի օղակներում կարիերայի սկզբում իմաստ չունի ակնկալել բարձր աշխատավարձ հյուրանոցներում աշխատելիս: Այն նույնիսկ կարող է լինել ցավալիորեն ցածր: Աշխատավարձը սկսում է շոշափելիորեն աճել կարիերայի աճի հետ զուգընթաց: Մոտավորապես կարելի է սահմանել հետևյալ հարաբերությունը. Եթե ստորին օղակում աշխատավարձը X դրամ է, ապա հաջորդ մակարդակի ղեկավարի աշխատավարձը կարող է լինել 1,3-1,5X, հաջորդ օղակին 2,5-3,0X, ավելի բարձր՝ 5,0-8,0X: Իհարկե, կապ ունի հյուրանոցի մեծությունը և կարգը: Միջազգային ցանցերին պատկանող հյուրանոցներում տարբերությունները կարող են ավելի մեծ լինել: Իհարկե, եթե որոշել եք միլիոնատեր դառնալ, ապա հյուրանոցային ոլորտում աշխատելով չեք դառնա, եթե իհարկե Դուք չեք հյուրանոցի սեփականատերը:

  7. Դրական վերաբերմունքի ձևավորում

    Սպասարկման ոլորտում մշտապես հնչում է ժպտալու պահանջը՝ որպես լավ սպասարկման բաղադրիչ մաս: Եթե նույնիսկ հյուրանոցում աշխատանքի սկզբնական շրջանում ժպտալը դժվար ստացվող կամ արհեստական լինելու զգացողություն է թողնում, ապա ժամանակի ընթացքում այն դառնում է կեցության և աշխատանքի բաղկացուցիչ մասը: Ժպիտը վերափոխում է մարդուն, դարձնում լավատես, կենսուրախ՝ անկախ կյանքի դժվարություններից: Հյուրանոցային ոլորտում կարիերա անելը մեծամասամբ կախված է մարդու մոտ ձևավորված դրական արժեհամակարգից և աշխարհայացքից, որի անբաժան մասն է կազմում և արտահայտությունն է սրտաբուխ ժպիտը: Ժպիտը իր անժխտելի ազդեցությունն է թողնում այլ անձանց և աշխատակիցների հետ կառուցվող հարաբերությունների վրա: Հյուրանոցում և սպասարկման ոլորտում ընդհանրապես մարդիկ վերափոխվում են, նրանց մոտ աստիճանաբար ձևավորվում է դրական մտածելակերպ և արժեհամակարգ, որոնցով և նրանք սկսում են էապես և արտաքնապես տարբերվել այլ ոլորտներում աշխատող մասնագետներից: Հյուրանոցների աշխատակիցները ավելի շփվող են, ավելի հեշտ են հաստատում նոր ծանոթություններ:

  8. Հետաքրքիր աշխատանք

    Հյուրանոցում աշխատանքը շատ դինամիկ է, փոփոխություններով լի ու հետաքրքիր: Այն հիմնականում տալիս է մշտապես նոր մարդկանց, տարբեր երկրների մշակույթները կրողների հետ շփվելու, տարբեր իրավիճակների առընչվելու, բազմաբնույթ խնդիրների լուծումներ գտնելու հնարավորություն: Շատ հաճախ տեղի են ունենում զվարճալի դեպքեր, որոնք վառ գույն են հաղորդում աշխատանքային փորձառությանը: Հնարավոր է նաեւ, որ առաջընթաց չլինի (ինչքան էլ տարօրինակ է, ոչ բոլորն են ձգտում ղեկավար դառնալ), մարդիկ կարող են երկար, նույնիսկ մի ամբողջ կյանք ապրել և աշխատել հյուրանոցում և նույն պաշտոնում, լիարժեք բավարարված լինելով իրենց աշխատանքից եւ ունեցած ձեռքբերումներից:

  9. Ճանապարհորդելու հնարավորություններ

    Որպես տուրիզմի ոլորտի աշխատակիցներ, մեծ են հնարավորությունները ճամփորդելու, այցելելու տարբեր երկրներ և քաղաքներ: Դա կարող է լինել այլ քույր հյուրանոցներ ացելելու ձևով՝ փորձի փոխանակման համար: Կարող է լինել տուրիզմին վերաբերվող տարբեր միջազգային ցուցահանդեսների մասնակցելու նպատակով, ուսուցման համար: Նման ճամփորդությունները հիմնականում ֆինանսավորվում են հյուրանոցների կողմից: Միջազգային ցանցերին պատկանող հյուրանոցների աշխատակիցները կարող են ստանալ մեծ զեղչեր այլ երկրներում գործող քույր հյուրանոցներում կեցության համար, ինչը մատչելի է դարձնում այլ երկրներում արձակուրդների անցկացումը: Միջազգային հյուրանոցային ցանցերի կողմից տարբեր երկրներում կազմակերպվող սեմինարներին, կոնֆերանսներին, ինչպես նաև տարբեր գործնական հավաքներին մասնակցությունը նույնպես ավելացնում են աշխատանքի բավարարվածության զգացումը:

  10. Անձնական կյանքի կարգավորման հնարավորություններ

    Սա մի քիչ հակասական պնդում է, կախված անձանց անհատական սպասելիքներից: Հյուրանոցային ոլորտում տարածված են այսօրինակ խոսքեր՝ «ամուսնացած է հյուրանոցի հետ», «եթե մինչև հյուրանոցը չես ամուսնացել, ապա էլ չես ամուսնանա»: Հաճախ հյուրանոցային աշխատանքը այնքան է կլանում մարդկանց, որ էլ տեղ չի մնում ամուսնության համար: Սակայն դրա հետ մեկտեղ մեծ հնարավորություններ կան սեփական կյանքը կարգավորելու, զուգընկեր ու կյանքի ընկեր գտնելու համար: Դա կապված է ծանոթությունների խիստ արագ աճող շրջանակի, առավել շփվող դառնալու, դրական արժեհամակարգով շատ գործընկերների հետ շփվելու հնարավորության հետ: Կան շատ հաջողված սիրո ու ամուսնական պատմություններ, երջանիկ զույգեր, որոնք կազմավորվել են հյուրանոցում աշխատանքի արդյունքում:

Ահա 10 կետ, որոնք խոսում են հյուրանոցային ոլորտում աշխատելու առավելությունների մասին: Ցանկը դեռ կարելի է շարունակել, բայց դե կարիք չկա: Կարևորն այն է, որ սիրեք Ձեր գործն ու ձգտեք լինել ու անել ավելին: Գրավի՞չ է. դիմեք Նուռ Հոսփիթալիթիին Ձեր կարիերայի սկիզբը դնելու կամ առաջխաղացումը խթանելու և հաջողությունների հասնելու համար:

Մանվել Արևշատյան

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.