Ինչ Աշխատել Հյուրանոցում

Աշխատանք Հայաստանի հյուրանոցներում
Ժամանակակից հյուրանոցներն ունեն բավականին բարդ կառուցվածք և աշխատանքի են ընդունում շատ աշխատակիցների՝ հյուրանոցի կառավարման գործընթացը սահուն դարձնելու համար: Ամբողջական սպասարկում առաջարկող հյուրանոցները, որոնք չունեն շատ հարմարություններ, աշխատանքի են ընդունում մոտավորապես այնքան մարդ, որքան սենյակ կա հյուրանոցում: Այն հյուրանոցները, որոնք ունեն ժամանցի անցկացման հարմարություններ կամ քոթեջներ, ռեստորաններ, գրավում են մեծ տարածք, կառավարելու համար ավելի շատ աշխատակիցների կարիք ունեն: Երբեմն հյուրանոցները ստիպված են ավելի շատ աշխատակիցների վարձել, քանի որ հյուրանոցի նախագծման և կառուցման փուլերում աշխատանքային հոսքերը ճիշտ չեն հաշվարկել: 

Սա կարող է լինել ոչ մեծ հյուրանոցի տիպային կազմակերպչական կառուցվածքը (50-70 սենյակ, մեկ ռեստորան):

  
Հյուրանոցի չափերի մեծացմանը զուգընթաց աճում է նաև հյուրանոցի հաստիքացուցակը: Նկարում կարող եք տեսնել, թե հյուրանոցում ինչքան բազմաբնույթ աշխատանքներ կան:

Ընդհանուր առմամբ հյուրանոցային ոլորտի աշխատավարձերի դրույքները աշխատաշուկայում ամենաբարձրը չեն:  Շատ դեպքերում հյուրանոցային ոլորտում աշխատելը կապված չէ այն գումարի չափի հետ, որը մարդիկ վաստակում են: Կան մի շարք նպաստավոր հանգամանքներ, որոնք պահում են Ձեզ հյուրանոցում ավելի երկար, քան կարելի էր սպասել նման աշխատավարձից: Այդ հանգամանքների մասին կարող եք առավել մանրամասնորեն ծանոթանալ «Հյուրանոցում աշխատելու 10 պատճառ» հոդվածում:

Հաջորդիվ ներկայացված են հյուրանոցում գործող տարբեր աշխատանքային հնարավորություններ:


Ոչ ղեկավար Անձնակազմ

Ոչ ղեկավար մակարդակի աշխատանքները բաժանվում են Առաջին պլանի (Front-of-the-house) և Հետին պլանի (Back-of-the-house) տիպերի: 

Առաջին պլանի աշատակիցները իրենց աշխատանքի ընթացում անմիջական շփում ունեն հյուրերի հետ: Այս խմբի մեջ են մտնում ընդունարանի անձնակազմը, դռնապանները, անվտանգության աշխատակիցները, ռեստորանի սպասարկող անձնակազմը, վաճառքի և մարքեթինգի բաժնի աշխատակիցները: Այս բաժինների աշխատակիցները կրում են միջազգային ստանդարտներին համապատասխան համազգեստ և պետք է խոսեն տարբեր լեզուներով (կախված նպատակային շուկայից):

Միջազգային տուրիզմի շուկայի համար աշխատող հյուրանոցների անձնակազմը պետք է իմանա մի քանի լեզու: Քանի որ Հայաստան ժամանող հյուրերը հիմնականում գալիս են Ռուսաստանից, Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից, ապա նվազագույնը ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է: Ցանկացած այլ լեզվի իմացությունը դիտվում է որպես առավելություն՝ աշխատանքի ընդունվելիս: Քանի որ վերջին ժամանակներում ավելի շատ զբոսաշրջիկներ են ժամանում Պարսից Ծոցի երկրներից՝ Իրանից, ԱՄԷ-ից և այլ արաբական երկրներից, առավել ուշադրություն են դարձնում արաբերենի և պարսկերենի իմացությանը: Այսպիսի հյուրանոցներում ընդունարանի անձնակազմի լեզվական գիտելիքների գերազանց մակարդակը պարտադիր է:

Այն հյուրանոցները, որոնց թիրախային շուկան հայաստանյան ներքին տուրիզմն է,առաջին պլանի աշխատակիցների անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր չէ, սակայն ռուսերեն լեզվի իմացությունը ամեն դեպքում հաշվի է առնվում: Ռեստորանի սպասարկող անձնակազմը և դռնապաննները նույնպես պետք է խոսեն այս լեզուներով, բայց պահանջվող հմտությունների մակարդակը կարող է համեմատաբար ցածր լինել:

Ընդունարանում  աշխատանքի ընդունվելու համար աշխատանքային փորձը հիմնականում պարտադիր չէ: Ցանկալի թեկնածուի ամենակարևոր որակներն են լինել աշխույժ, բարեհամբույր, ժպտերես և ունենալ լեզվական գիտելիքներ: Նախապատվությունը տրվում է երիտասարդ և բարետես արտաքինով թեկնածուներին: Շատ առաջնակարգ հյուրանոցներ ուշադրություն են դարձնում այն համալսարաններին, որտեղ սովորում են կամ սովորել են թեկնածուները: Նախապատվությունը տրվում է զբոսաշրջության ոլորտին առնչվող կրթություն ունեցող թեկնածուներին: Քանի որ հյուրանոցներում աշխատանքը շուրջօրյա բնույթ ունի, ապա աշխատակիցները պետք է աշխատեն հերթափոխով. և երեկոյան, և գիշերային, և աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին: Երևանյան հյուրանոցներում ընդունարանի աշխատակիցների աշխատավարձը միջինում կազմում է 180-250 ԱՄՆ դոլար: Բացի աշխատավարձից, Ընդունարանի աշխատակիցները և դռնապանները կարող են ստանալ են թեյավճարներ հյուրերի կողմից, որը կարող է կազմել աշխատավարձի մինչև 30%-ը:

Հետին Պլանի աշխատակազմը ներառում է տնտեսության ամբողջ անձնակազմը, խոհանոցը և տեխսպասարկման բաժինը: Այս բաժինների բոլոր աշխատակիցները կրում են համազգեստ: Քանի որ հյուրանոցային ոլորտի տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, ոլորտը, որը համարվում էր ոչ մասնագիտացված աշխատակիցների ոլորտ, այսօր ավելի ու ավելի է ուշադրություն դարձնում աշխատակիցների մասնագիտական կրթությանը: Սա մասնավորապես վերաբերվում է տեխսպասարկման անձնակազմին և խոհարարներին: 

Ժամանակակից հյուրանոցներում տեխսպասարկման կամ ինժեներական բաժինը այնքան բարդ է, որ առանց մասնագիտական կրթության գրեթե անհնար է հասկանալ, թե ինչպես է այս ամբողջ համակարգը աշխատում: Տեխսպասարկման անձնակազմը սովորաբար բաղկացած է երիտասարդ և միջին տարիքի հմուտ տղամարդկանցից: Աշխատավարձը միջինում կազմում է 200-300 ԱՄՆ դոլար:

Տնտեսական բաժնի աշխատակիցները հիմնականում տարբեր տարիքի կանայք են: Աշխատանքը ենթադրում է շատ քայլք և ինտենսիվ աշխատանք, շատ ուշադրություն է դարձվում մանրունքներին՝ հատկապես բարձրակարգ հյուրանոցներում: Աշխատավարձը հիմնականում 200-250 ԱՄՆ դոլար է ամսական: Նրանք նույնպես որոշ թեյավճար են ստանում հյուրերի կողմից, բայց ոչ այնքան, որքան ընդունարանի աշխատակիցները: Տնտեսական բաժնի անձնակազմը նույնպես աշխատում է հերթափոխով, որը նշանակում է կա նաև գիշերային հերթափոխի աշխատանք: Այժմ տնտեսական բաժնի անձնակազմը պետք է բավական շատ սովորի իր աշխատանքները որակով իրականացնելու համար: Սովորելու հետ կապված պահանջի պատճառով շատ հյուրանոցներ նախընտրում են աշխատանքի ընդունել աշխատանքային փորձ ունեցող անձանց: Հյուրերի բավարարվածության կարևորագույն գործոններից է մաքրությունը, որը տնտեսական բաժնի աշխատակիցների կատարած որակյալ աշխատանքը դարձրել է հյուրանոցային ոլորտում մատուցված ծառայությունների որակի գնահատման հիմնաքարը: 

Տնտեսական բաժինը կարող է ներառել նաև բանվորներ, այգեպաններ, լողավազանը սպասարկող անձնակազմ և այլն, որոնք հիմնականում որակավորում չպահանջող հաստիքներ են:

Այս բոլոր բաժինները, կախված հյուրանոցի չափերից, կարող են ունենալ վերահսկիչ անձնակազմ, որոնք օգնում են ամենօրյա կառավարմանը: Վերահսկիչները սովորաբար աշխատում են որպես կանոնավոր աշխատակիցներ, սակայն ունեն ավելի շատ պարտականություններ և ստանում են ավելի բարձր աշխատավարձ: Նրանց համազգեստը նույնպես կարող է տարբերվել նույն բաժնի այլ աշխատակիցների հագուստից:

Ղեկավար անձնակազմ

Հյուրանոցի բաժնի ղեկավարներին աշխատանքի ընդունելիս Դուք պետք է ժամանակ տրամադրել՝ լավ և փորձառու մասնագետ գտնելու համար: Ղեկավար անձնակազմի համար լավ աշխատանքային պատմությունը և փորձը անհրաժեշտություն են: Եթե Դուք հյուրանոց ընդունում եք այլ ոլորտի փորձառու ղեկավարի, ապա շատ դեպքերում Դուք կխաթարեք բաժնի նորմալ կենսագործունեությունը: Բաժնի լավ ղեկավարը միշտ ուշադրության տակ կպահի իր պատասխանատվության տակ եղած նյությական միջոցները, կխնայի դրամական միջոցները և կվերապատրաստի անձնակազմը: Դուք կարծում եք, որ լավ ղեկավար ընդունելը թա՞նկ հաճույք է: Ընդունեք ոչ որակավորված մասնագետ և հաշվեք կորուստները: 

Հյուրընկալության ոլորտում օրեցօր աճող մրցակցությանը համընթաց, որակյալ մասնագետների ընդունումը մրցակցային առավելություն կտա շուկայում: Հյուրանոցները այսօր մրցում են ոլորտի լավագույն մասնագետներին իրենց մոտ ներգրավվելու համար: Ղեկավարը կարող է խորտակել Ձեր հյուրանոցը կամ անասելի բարձունքների հասցնել: Այսպիսով, ժամանակ տրամադրեք գտնելու լավագույն մասնագետին: Բաժինների ղեկավարների աշխատավարձը համեմատաբար բարձր է: Այն կարող է կազմել 500-1000 ԱՄՆ դոլար՝ լավագույնների համար: Մեծ հյուրանոցները կարող են զգալիորեն ավելի բարձր վարձատրել:

Դուք պետք է նախկին գործատուի հետ միշտ ճշտեք թեկնածուի մասին մինչև նրան աշխատանքի ընդունելը: 

Եթե Դուք հյուրանոցային ոլորտի փորձառու մասնագետ եք, կամ Դուք ցանկանում եք աշխատել հյուրանոցային ոլորտում, ապա միշտ կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը HR@hotel-consulting.am էլեկտրոնային հասցեին մեծացնելով Ձեր աշխատանքի անցնելու հավանականությունը:


 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.